Երևանում 3 մարդու վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը տնային կալանքի տակ է

Երևանում ամուսիններին և նրանց որդուն վրաերթի ենթարկած բեռնատարը
Հիվանդանոց տեղափոխված 48-ամյա տղամարդու վիճակը բավարար է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Երևանի Աճառյան փողոցում ամուսիններին և նրանց որդուն վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդին մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հուլիսի 29-ին տեղեկացրել էինք, որ ժամը 12:50-ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցը չնախատեսված վայրից անցնող ամուսիններին և նրանց որդուն, ծնողները տեղում մահացել են։
ՔԿ-ն հայտնում է, որ մահացած ամուսինները 75 և 73 տարեկան էին, իսկ վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված նրանց որդին՝ 48 տարեկան։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 3-րդ մասի հատկանիշներով։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են ականատեսներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Ձեռք բերված փաստերի հիման վրա բեռնատարի 27-ամյա վարորդին մեղադրանք է ներկայացվել։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 1 մլն դրամի չափով գրավի և բացակայելու արգելքի հետ։
Նախաքննությունը շարունակվում է։
ՔԿ-ից հայտնում են, որ բուժկենտրոնում գտնվող 48-ամյա տղամարդու վիճակը բավարար է։