ԱՄՆ-ն և Իսրայելը պնդում են, որ կապ չունեն ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանության հետ

Իսմայիլ Հանիա
Պաղեստինյան ՀԱՄԱՍ –ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի մահվան մասին հայտարարել էր շարժումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Իսրայելը պատասխանատվություն չի ստանձնում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար: ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայության աշխատակից Աննա Ուկոլովան:
Սինգապուրյան CNA հեռուստաալիքն էլ տեղեկացնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, թե ԱՄՆ-ն տեղյակ չի եղել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի վրա նախապատրաստվող հարձակման մասին և ներգրավված չէ դրանում։
Ըստ Բլինկենի` առայժմ դժվար է ասել` Հանիայի սպանությունը կազդի Իսրայելի հետ հակամարտության վրա, թե ոչ, բայց, նրա խոսքով, ԱՄՆ-ն կհասնի հրադադարի:
Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել էր, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո Իսմայիլ Հանիան և նրա թիկնապահը սպանվել են Հանիայի` Թեհրանում գտնվող կեցավայրում։ Ինչպես գրում են արաբական ԶԼՄ-ները, հղում անելով սեփական աղբյուրներին, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով։
ՀԱՄԱՍ-ը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրել է Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարել, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օստինը հայտարարել է, որ ինքը ոչինչ չունի ասելու ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան և Իսրայելի մասնակցության թեմայով: Իսրայելի բանակի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ չեն արձագանքում Հանիայի սպանության մասին հաղորդագրություններին: «Jerusalem Post»–ը գրել է, որ Իսրայելի իշխանությունները նախարարներին հանձնարարել են չխոսել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին:
Իրանի նախագահը հայտարարել է, որ «զավթիչ ահաբեկիչները» կզղջան Հանիայի սպանության համար