ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ամերիկացի հանրապետական կոնգրեսականներն ու սենատորները Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ղեկավարին ուղղված նամակում դատապարտել են Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությունը և պահանջել, որպեսզի օլիմպիական խարտիայում փոփոխություններ կատարվեն՝ կրոնի նկատմամբ ծաղրանքից խուսափելու համար:
«Մենք գրում ենք ի պատասխան քրիստոնեական հավատքի գռեհիկ ծաղրի, որը տեսանք Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։ Հակաքրիստոնեական մոլեռանդության համար չպետք է տեղ լինի աշխարհը միավորող այս միջոցառման ժամանակ: Խաղերը պետք է միավորեն բոլոր երկրների, ցեղերի և դավանանքների մարդկանց: Ինչպես կարող ենք խոսել համերաշխության մասին, եթե անհանդուրժողականությունն ու ծաղրը բացման արարողության մաս են կազմում: Մենք պահանջում ենք փոփոխություններ կատարել Օլիմպիական խարտիայում, որպեսզի ոչ մի կրոն այլևս ծաղրի առարկա չդառնա»,- ասված է նամակի տեքստում, որը մեջբերում Է Daily Mail-ը ։
Հանրապետական կուսակցության անդամները նամակում հիշեցնում են, որ ամբողջ աշխարհում կա ավելի քան 2,5 միլիարդ քրիստոնյա, ինչպես նաև ընդգծում են, որ ՄՕԿ-ը պարտավոր է պատշաճ գնահատական տալ տեղի ունեցածին: Ըստ նրանց, ՄՕԿ-ը պետք է պաշտոնապես դատապարտի քրիստոնեական հավատքի ամենասուրբ պահերից մեկի ծաղրը:
Փարիզում 2024 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի է ունեցել հունիսի 26-ին Սեն գետի վրա, պատմության մեջ առաջին անգամ այն անցկացվել է մարզադաշտից դուրս:
Արդեն մի քանի օր է՝ բուռն քննարկվում է բացման ժամանակ տրանսվեստիտների և ԼԳԲՏ համայնքի (Ռուսաստանում ճանաչվել է ծայրահեղական շարժում և արգելված է) ներկայացուցիչների մասնակցությամբ «Վերջին ընթրիքի» ծաղրապատկերի տեսարանը։