ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Air France և Transavia ավիաընկերությունները չեղարկել են դեպի Բեյրութ առաջիկա մի քանի օրերի չվերթերը Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Air France-ը երկարաձգում է Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանից դեպի Բեյրութ չվերթերի դադարեցումը մինչև 2024 թվականի օգոստոսի 3-ը ներառյալ»,- հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը՝ հավելելով, որ որոշումը վերաբերում է նաև Transavia France-ին։
Նշենք, որ հուլիսի 29-ին Royal Jordanian Airlines-ը հայտարարել էր, որ դադարեցնում է թռիչքները դեպի Բեյրութ առաջիկա երկու օրերին: Լիբանանյան «Middle East Airlines» ավիաընկերությունը հայտարարել էր, որ չվացուցակի փոփոխությունները պայմանավորված են ապահովագրական ռիսկերով։
«Lufthansa» ավիաընկերությունն էլ հայտարարել էր, որ դադարեցրել է «Swiss International Air Lines», «Eurowings» և «Lufthansa» խմբի փոխադրողների կողմից Բեյրութ և հակառակ ուղղությամբ հինգ չվերթերի իրականացումը մինչև հուլիսի 30-ը ներառյալ՝ նախազգուշական նպատակներով: Ավելի ուշ «Lufthansa»-ն որոշում կայացրեց դադարեցնել թռիչքները մինչև օգոստոսի 5-ը։
Հիշեցնենք` Իսրայելը երեկ` հուլիսի 30-ին, հարված է հասցրել է Բեյրութի հարավային արվարձանին։ Վերջին տվյալներով` հարվածի հետևանքով 1 մարդ է մահացել, 68–ը` տուժել: Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ Լիբանանի մայրաքաղաքի վրա հարձակումը տեղի է ունեցել «Հզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարին ոչնչացնելու նպատակով։ Ըստ ՑԱԽԱԼ-ի` Շուքրը 12 երեխայի կյանք խլած գնդակոծության պատասխանատուն է։ Բեյրութում փլատակներում արդեն գտել են լիբանանյան «Հզբոլլահի» հրամանատարներից Ֆուադ Շուքրի դին: