ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik․ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության շարժառիթը վրեժխնդրությունն է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2024 թ. հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։ ԶԼՄ–ներում լուր էր տարածվել, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերից մեկում։ Նշվում էր, որ զինծառայողի վրա կրակել է նույն դիրքում գտնվող ժամկետային զինծառայողը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 անձ ձերբակալվել է։
Մասնավորապես պարզվել է, որ հունվարի 9–ին՝ ժամը 04:30–05:00-ի սահմաններում, կոչումով լեյտենանտ Կարեն Կարապետյանը ծառայողական հարցերի շուրջ, այն է՝ դիրքում քնելու կապակցությամբ առաջացած խոսակցության ժամանակ, վիրավորական արտահայտություն է հնչեցրել ծառայակցի՝ Ն. Խ.-ի հասցեին:
Նշվում է, որ Ն. Խ.–ն, չհանդուրժելով իրեն հասցված վիրավորանքը, վրեժխնդրության շարժառիթով առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում հանձնելով մարտական հերթափոխը` մտել է մարտական դիրքի գետնատնակ և լիցքավորելով իրեն ամրակցված ԱԿ-103 տեսակի ինքնաձիգը՝ մոտեցել է պառկած վիճակում գտնվող Կարեն Կարապետյանին։
«Ն. Խ.–ն նախ մենահատ, ապա կրակահերթ է արձակել Կարապետյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ն.Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: