ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Թուրքիան ձգձգում է Հայաստանի հետ հաղորդակցությունների բացման գործընթացը՝ փորձելով է՛լ ավելի շահավետ պայմաններ ստանալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց թուրքագետ Նելլի Մինասյանը՝ մեկնաբանելով սահմանին երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։
Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 30-ին Մարգարա-Ալիջան սահմանային հատվածում։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Երևանն ու Անկարան պայմանավորվել են գնահատել տեխնիկական կարիքները, որոնք թույլ կտան գործարկել Ախուրիկ-Աքյակա երկաթուղային սահմանային անցումը, ինչպես նաև փոխադարձաբար հեշտացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար: Նրանք կարևորել են առանց որևէ նախապայմանի երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակումը:
Մինասյանի խոսքով՝ վերջին հանդիպումից անցել է երկու տարի, ինչը բավականին մեծ ժամկետ է նման գործընթացի համար։ Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացման նման մեծ ժամկետ չէին պահանջում։
ԱԳՆ-ի ներկայիս հայտարարության մեջ միայն մեկ նորություն կա՝ երկաթուղային սահմանային կետի հնարավոր վերականգնման վերաբերյալ։ Այդ պայմանավորվածությունը, Նելլի Մինասյանի խոսքով, կապված է նախկինի հետ՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման և ընդհանուր առմամբ տարածաշրջանային հաղորդակցուղիների վերաբերյալ։
Հարցին, թե որքանով է նպատակահարմար խոսել նոր պայմանավորվածությունների մասին, եթե դեռևս չի գործում Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը, Մինասյանը նշեց, որ Թուրքիան միտումնավոր արգելակում է գործընթացը՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկա զարգացումները:
«Ես վստահ եմ, որ հենց թուրքական կողմն է ձգձգում գործընթացը։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը Արևմուտքի և Թուրքիայի հարաբերությունների ընդհանուր խնդրի մի մասն է։ Անկարան փորձում է ավելի մեծ օգուտ, ավելի բարենպաստ պայմաններ ստանալ ինչպես Երևանի հետ հարաբերություններում (օրինակ՝ Հայոց ցեղասպանության հարցում), այնպես էլ այլ հարցերում։ Բացի այդ, Թուրքիան մեծ ախորժակ ունի տարածաշրջանային հաղորդակցությունների հարցում»,-ասաց Մինասյանը։
Մեկ այլ կարևոր նախապայման, որով առաջնորդվում է Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում, հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է։
Դրա հետ մեկտեղ տարածաշրջանում հաղորդակցությունների բացման թեման ուղղակիորեն շոշափում է Թուրքիայի ռազմավարական շահերը։
Մինասյանի կարծիքով` եթե նույնիսկ Անկարան չկարողանա վերահսկել այդ հաղորդակցությունները, ապա կփորձի հասնել ավելի մեծ մասնակցության, դրանց օգտագործման առավել շահավետ և բարենպաստ պայմանների: