«Սևան» ազգային պարկի սոճիները վարակված չեն. ՌԴ-ի և Գերմանիայի մասնագետների եզրակացությունը

Սոճիներ
Միայն այս տարի տնկվել է 10 հազար նոր ծառ, առաջիկա տարիներին նախատեսվում է ծառատունկ կազմակերպել 60 հա տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի և Գերմանիայի մասնագետները բացառել են «Սևան» ազգային պարկի սոճիների վարակումը: Ծառերն առողջ են, հիվանդություններ չեն հայտնաբերվել։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանը։
2023 թվականի ամռանը պարկում չորացել էր ավելի քան 8 հազար սոճի, ևս 10 հազար ծառ գտնվում էր չորացման վտանգի տակ։ Նեմատոդոզի (կլոր որդերի հարուցած հիվանդություն. խմբ․) կասկածներ կային։ Ավելի ուշ նմուշներն ուղարկվեցին Ռուսաստան և Գերմանիա՝ հետազոտության։
«Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ծառերը վարակված չեն։ Դրանց չորացման հավանական պատճառը վերջին տարիների չորային եղանակն է»,- ասաց Մնացականյանը։
Նրա խոսքով՝ դա հանգեցրել է վնասատու միջատների բազմացման, սակայն սեզոնային տեղումներով, այդ թվում՝ առատ ձնով պայմանավորված՝ սկսվել է ծառերի ինքնավերականգնման գործընթացը: Բացի այդ, ընթացիկ տարում ազգային պարկում 5 հա մակերեսով տարածքում տնկվել է 10 հազար ծառ, որոնց 90%-ն արմատավորվել է։ Խոսքը բարդու, կաղնու, վայրի տանձի մասին է։
Առաջիկա տարիներին նախատեսվում է ծառատունկ կազմակերպել 60 հա տարածքում ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ ծառերի ոչնչացման խնդիրը վերջին մի քանի տարիներին արդիական է ոչ միայն «Սևան» ազգային պարկի, այլև Լոռու և Սյունիքի մարզերի փշատերև անտառների համար։ Սոճիները շարունակում են չորանալ նեմատոդոզի պատճառով, որն ավելի ու ավելի է տարածվում: