Քննարկել ենք կարգավորման գործընթացի ասպեկտները. Քըլըչը` Ռուբինյանի հետ հանդիպման մասին

Հատուկ ներկայացուցիչների մակարդակով հայ–թուրքական բանակցությունները տեղի են ունեցել Մարգարա–Ալիջան սահմանային հատվածում։ Կողմերը մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել է, որ հայ գործընկեր Ռուբեն Ռուբինյանի հետ կառուցողական քննարկում է ունեցել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտների շուրջ։
Քըլըչը հիշեցրել է, որ սա հայկական կողմի հետ բանակցությունների 5-րդ փուլն է։
«Մենք անցկացրինք մեր բանակցությունների 5-րդ փուլը սահմանամերձ գոտում։ Կառուցողականորեն դիտարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները և դրա հետ հետագա առաջխաղացման հնարավորությունները»,– գրել է թուրք դիվանագետը X սոցիալական ցանցում:
Հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 30-ին Մարգարա-Ալիջան սահմանային հատվածում։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Երևանն ու Անկարան պայմանավորվել են գնահատել տեխնիկական կարիքները, որոնք թույլ կտան գործարկել Ախուրիկ-Աքյակա երկաթուղային սահմանային անցումը, ինչպես նաև փոխադարձաբար հեշտացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար: Նրանք կարևորել են առանց որևէ նախապայմանի երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակումը: