Փարիզ-2024. լողորդ Արթուր Բարսեղյանը դուրս մնաց հետագա պայքարից

Մինչ այս որակավորմալ փուլը չէին հաղթահարել նաև լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսիս - Sputnik. Լողորդ Արթուր Բարսեղյանը Փարիզի օլիմպիական խաղերում չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը: Նա 100 մետր ազատ լողաոճում գրանցեց 51.54 վայրկյան արդյունք և 79 մասնակցի թվում զբաղեցրեց 56–րդ տեղը։
Հիշեցնենք, որ մինչ այս որակավորմալ փուլը չէր հաղթահարել նաև լողորդ Վարսենիկ Մանուչարյանը։ Նա 1 րոպե 24 վայրկյան արդյունքով զբաղեցրել էր 26-րդ տեղը:
Արթուր Բարսեղյանը դուրս մնաց հետագա պայքարից
Որակավորման փուլից դուրս մնաց նաև հայ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։ Նա վաստակել էր 576 միավոր՝ զբաղեցնելով 9-րդ տեղը։ Հաջորդ փուլ դուրս գալու համար նրան չէր բավարարել ընդամենը 1 միավոր։
Նշենք, որ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը դեռ շարունակում են մնալ պայքարի մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանը Փարիզի օլիմպիական խաղերին ներկայացել է 7 մարզաձև 15 ներկայացուցիչներով՝ հրաձիգ Էլմիրա Կարապետյան, մարմնամարզիկներ Արթուր Դավթյան ու Վահագն Դավթյան, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյան, Մալխաս Ամոյան, Սլավիկ Գալստյան, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյան ու Վազգեն Թևանյան, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյան, Գարիկ Կարապետյան և Վարազդատ Լալայան, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյան, լողորդներ Վարսենիկ Մանուչարյան ու Արթուր Բարսեղյան, վազորդ Երվանդ Մկրտչյան: