ՀՀ–ից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թիվն էապես նվազել է. Գալստյան

Շինարարություն
ԿԲ նախագահի դիտարկմամբ` ՀՀ քաղաքացիները նախընտրում են աշխատանք գտնել հենց մեր երկրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik․ Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թիվն էապես նվազել է։ Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Ըստ նրա` դա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ մեզ մոտ և ՌԴ–ում էապես նվազել են իրական աշխատավարձերի տարբերությունները։
«Մեր աշխատանքային միգրանտները Ռուսաստանում աշխատավարձ են ստանում ռուսական ռուբլով, որի փոխարժեքը բավականին բարձրացել է, և երբ այն փոխանակում ես հայկական դրամով, մոտավորապես նույն աշխատավարձն է դառնում, ինչ կարող է ստանալ ՀՀ–ում, օրինակ` շինարարության ոլորտում»,– նշեց Գալստյանը։
ԿԲ նախագահի դիտարկմամբ` մեր քաղաքացիները գնալով ավելի նախընտրում են աշխատանք գտնել հենց մեր երկրում։
Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարի այն սեզոնին, երբ հիմնականում սկսվում են միգրացիոն հոսքերը, մտադիր են արտագնա աշխատանքի մեկնող մեր համերկրացիների շրջանում հարցում իրականացնել։
«Հարցումը կլինի երկու ուղղությամբ` ուզում ենք հասկանալ արտագնա աշխատանքի մեկնելու նրանց մոտիվները, գնալ–չգնալն ինչով է պայմանավորված։ Բացի այդ, պետք է հասկանանք, թե դրամական հոսքերը ՀՀ ինչ եղանակով են տեղափոխվում. դրամական փոխանցումները դեպի մեր երկիր գնալով ավելի են բարդանում։ Արդյոք մեր քաղաքացիներն այդ առումով փոխե՞լ են իրենց վարքագիծը, քանի որ մի պահ հասել էինք 100–տոկոսանոց դրամական փոխանցումների մակարդակի, քանի որ դրանք հարմար էին ու էժան։ Մինչդեռ արևմտյան պատժամիջոցների ֆոնին, ստացվում է, մարդիկ էլի նախընտրում են գումարը կանխիկ բերել տուն»,– նշեց Գալստյանը։
Հիշեցնենք` դեռ այս տարվա ապրիլին ԿԲ նախագահը տեղեկացրել էր, որ ՌԴ–ից ՀՀ դրամական փոխանցումների բացարձակ ծավալի նվազում ունենք։ Այս տարվա հունվար–մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոխանցումների զուտ ներհոսքը նվազել է մոտ 50 տոկոսով, իսկ ոչ առևտրային բնույթի փոխանցումները` մոտ 55 տոկոսով։