Հայաստանի թիմը 4 բրոնզե մեդալ է նվաճել Քիմիայի միջազգային օլիմպիադայում

Օլիմպիադային մասնակցել է 88 երկրի 327 աշակերտ։ Հայաստանի թիմի բոլոր մասնակիցներն արժանացել են բրոնզե մեդալների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Հայաստանի թիմը 4 բրոնզե մեդալ է նվաճել Քիմիայի 56-րդ միջազգային օլիմպիադայում, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Նշենք, որ օլիմպիադան անցկացվել է հուլիսի 21-30-ը Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում:
«ՀՀ թիմը ներկայացրել են Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի աշակերտներ Արման Խառատյանն (11-րդ դասարան) ու Արտավազդ Արաբաչյանը (12-րդ դասարան), «Քվանտ» վարժարանի աշակերտ (12-րդ դասարան) Սերգեյ Թադևոսյանը և Սևանի ավագ դպրոցի (12-րդ դասարան) աշակերտ Բենիամին Հայրապետյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ օլիմպիադան անցկացվել է գործնական և տեսական փուլերով։ Թիմը ղեկավարել է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Անդրանիկ Դավինյանը։
Օլիմպիադային մասնակցել է 88 երկրի 327 աշակերտ։ Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից:
Հիշեցնենք, որ Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Շվեյցարիայում, Հայաստանի թիմն արժանացել էր 1 ոսկե և 2 բրոնզե մեդալների։