ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Երևանն ու Բաքուն երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղությանը: Այս հայտարարություն արել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
«Մենք էական առաջընթացի ենք հասել խաղաղության համաձայնագրի կնքման գործում։ Մենք երբեք այսքան մոտ չենք եղել դրան», - ասել է նա։
Ամիրբեկովը կարծում է, որ կողմերը զգալի առաջընթացի են հասել, և հիմա թշնամանքի գլուխը փակելու և Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի փոփոխությամբ զբաղվելու պատմական հնարավորություն կա։
«Եթե նայենք խաղաղության համաձայնագրի տեքստին, որը գտնվում է բանակցությունների սեղանին, կողմերը մոտ են դրա ավարտին», – եզրափակել է նա:
Հիշեցնենք` հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը: Երևանը առաջարկությունների պատասխան փաթեթ է պատրաստում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։