ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Եգիպտացի սուսերամարտիկ Նադա Հաֆեզը պատմել է, որ Փարիզում թրասուսերի կանանց օլիմպիական մրցաշարին մասնակցել է` լինելով հղիության 7-րդ ամսում:
Հաֆեզը դուրս է մնացել 1/8 եզրափակիչ փուլից` պարտվելով Հարավային Կորեայից Չոն Հայոնգին: Թրասուսերի կանանց օլիմպիական մրցաշարում հաղթել է ֆրանսուհի Մանոն Բրյունեն, որը եզրափակիչում հաղթել է իր հայրենակից Սառա Բալցերին:
«Մարտուղու վրա երկու մասնակից էր թվում, այնինչ իրականում երեքն էին. ես, իմ հակառակորդը և իմ դեռ չծնված փոքրիկը։ Մենք միասին շատ փորձություններ ենք անցել ինչպես ֆիզիկական, այնպես էլ էմոցիոնալ, բայց արժեր։ Ես հպարտանում եմ, որ մենք հասանք օլիմպիադայի 1/8 եզրափակիչ։ Ինձ օգնեցին այսքան հեռու գնալ ամուսնուս և ընտանիքիս վստահությունը»,-գրել է 26-ամյա Հաֆեզը սոցցանցերում։
Նախկինում Հաֆեզը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի և Տոկիոյի օլիմպիադաներին, որտեղ համապատասխանաբար 36-րդ և29-րդ արդյունքներ է ցույց տվել։
Պրոֆեսիոնալ սպորտում նման դեպքեր նախկինում էլ են եղել։ Մասնավորապես, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը 2017 թվականին հղի վիճակում հաղթել էր Ավստրալիայի բաց առաջնությունում։