ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Չինաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։ Այս մասին հայտարարեց Հայաստանում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը՝ ելույթ ունենալով Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի կազմավորման 97-ամյակի կապակցությամբ դեսպանատանը կազմակերպված միջոցառման ժամանակ։
«Հայ և չինացի ժողովուրդները սիրում և ձգտում են խաղաղության։ 32 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կողմերը բարեկամական համագործակցությունը զարգացրել են հավասարության և փոխշահավետության հիման վրա», - նշեց նա։
Չենի խոսքով՝ հայ-չինական ռազմական համագործակցությունը հասել է էական հաջողությունների՝ դրական ներդրում ունենալով տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման գործում:
Նա վստահեցրեց, որ Չինաստանը պատրաստ է է՛լ ավելի խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում, ինչպես նաև մեծացնել երկկողմ համագործակցության մակարդակը: