Չեն կարողանում լավ նկարել. տնտեսագետը` իրական գների ու պաշտոնական վիճակագրության մասին

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի գնահատմամբ` ՀՀ–ում ամենօրյա սպառման ապրանքները վերջին մեկ տարում միջինը 7 տոկոսով թանկացել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik․ ՀՀ քաղաքացին իր սպառման ծախսերի 95-100 տոկոսն ուղղում է թանկացած ապրանքների սպառմանը, այն բոլոր ապրանքների, որոնք վերջին տարիներին էապես թանկացել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը` անդրադառնալով գնաճի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության և իրական պատկերի միջև առաջացած խզումի պատճառներին։
«Գնաճի ընդհանուր թիվը, երբ ներկայացվում է ու նշվում է, որ գնանկում է գրանցվել, դա վերաբերում է բոլոր տեսակի ծառայությունների և ապրանքների գներին։ Բայց հասարակության լայն շերտի կողմից մշտապես սպառվող ծառայությունների և ապրանքների ցանկում մենք չունենք գնանկում։ Միրգ–բանջարեղենի շուկայում մինչև 7 տոկոս գնաճ ունենք, ձվի շուկայում 7 տոկոս գնաճ ունենք, բրնձի 1 տոկոս գնաճ ունենք։ Այսինքն` ամենօրյա սպառման ապրանքները միջինը 7 տոկոս թանկացել են։ Հետևաբար, իրենք PR-վում են միայն ընդհանուր գնանկման վրա, որը իր հերթին ևս անարժանահավատ է, որովհետև մենք գիտենք, որ նկարչությունով են զբաղված։ Բայց չեն կարողանում այդքան լավ նկարել, որովհետև դա էլ է հմտություն պահանջում»,– նկատում է Սարգսյանը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում 2024 թվականի 1–ին կիսամյակում սպառողական գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 0.6 տոկոսով։ Ընդ որում, հիմնականում էժանացել են պարենային ապրանքները։ Դրանց գները մեկ տարում նվազել են 4.4 տոկոսով։ Իսկ ոչ պարենային ապրանքների գները նվազել են ընդամենը 0.2%-ով։
Ու թեև պաշտոնական վիճակագրությունը պնդում է, որ Հայաստանում գները եթե չեն նվազել, ապա առնվազն չեն էլ աճել, բայց խանութ մտնող քաղաքացին իր կենցաղում բոլորովին այլ իրողություն է արձանագրում։
Օրինակ` սուրճի գինը մեկ տարում թե՛ Հայաստանում, ու թե՛ համաշխարհային բորսաներում աճել է գրեթե 2 անգամ, այսինքն` 100 տոկոսով, բայց ՀՀ վիճակագրական կոմիտեն ընդամենը 6.8%-անոց թանկացում է արձանագրել։ Հավի մսի 1 կգ–ը վերջին մի քանի ամսվա ընթացքում թանկացել է մի քանի 100 դրամով։ Մինչդեռ պաշտոնական վիճակագրությունը մսի միջինացված գների 2.5 տոկոսանոց նվազում է արձանագրել։
Միրգ– բանջարեղենի գինն անգամ ամռան սեզոնին շարունակում է բարձր մնալ` էապես գերազանցելով անցած ամառվա գները։
Գյուղատնտեսական արտադրանքի թանկացումը Նաիրի Սարգսյանը բացատրում է արտադրական ծավալների տարեցտարի կրճատմամբ։ Ստացված քիչ բերքը չի ծածկում գյուղացիական տնտեսությունների կատարած ծախսերը (հողային աշխատանք, վարուցանք, ոռոգում, պարարտանյութեր, թունաքիմիկատներ և այլն), իսկ գյուղացիների մեծ մասի դեպքում` նաև վարկերը։
Սուրճը կրկնակի թանկացել է, և սա դեռ վերջը չէ. գործարարները` հայաստանյան գների մասին
«Այս բոլոր ծախսերը ծածկելու համար, օրինակ, գյուղացին պետք է 1 տոննայի պարտադիր վաճառք ունենա։ Դրանից հետո նոր սկսվում է շահութաբերության շեմի ավելացումը, այսինքն` այդ 1 տոննայից ավելի որքան շատ վաճառք իրականացնի, այնքան ավելի մեծ շահույթ կգեներացնի։ Բայց հիմա մենք ունենք ՀՀ–ում գյուղատնտեսական արտադրանքի էական կրճատում, ինչը նշանակում է, որ գյուղացու եկամուտները նվազում են, և հետևաբար իր ծախսերը սպասարկելու համար նորմալ է, որ պետք է գնային տատանումներ ունենանք այս շուկայում»,– ասում է տնտեսագետը։
Բացի սպառողական շուկայում ընդհանուր թանկացումներից՝ Նաիրի Սարգսյանը թանկացման մեկ այլ մեխանիզմ էլ է բացահայտել։ Նրա դիտարկմամբ` վաճառակետերում նույն ապրանքը ամսվա տարբեր օրերին ու նույնիսկ տարբեր ժամերին տարբեր գներով է վաճառվում։ Առևտրով զբաղվողներն այս կերպ փորձում են նույն ապրանքից ավելի մեծ շահույթ ստանալ։

«Օրեր են եղել, երբ 1 օրվա մեջ խանութներում 4-5 անգամ գնի փոփոխություն է եղել։ Դա տնտեսական հաշվարկ է. մարդը գիտի սպառման լայն ժամանակահատվածը երբ է։ Օրինակ` ամսվա սկզբին` աշխատավարձերի, թոշակների, նպաստների ստացման ժամանակ, ամսվա առաջին 2-3 օրը ապրանքը թանկացնում է, լայն վաճառք իրականացնում, հետո` իջեցնում»,– ասում է Նաիրի Սարգսյանը։

Աուդիտորների պալատի նախագահն արձանագրում է, որ Հայաստանում թանկանում է գրեթե ամեն ինչ, անգամ այն ապրանքները, որոնց գինը միջազգային շուկայի ու համաշխարհային տնտեսական իրողությունների հետ որևէ աղերս չունի։ Արդյունքում` սպառողը առևտուր անելիս արձանագրում է, որ նույն գումարով այս տարի շատ ավելի քիչ ծավալի ապրանք է ձեռք բերում, քան, օրինակ, նախորդ տարի։