ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Անպտղության հաղթահարման ծրագրով 2024 թվականի հունվար–հուլիս ամիսներին ծնված 271 երեխայից 16-ը լույս աշխարհ են եկել զոհված զինծառայողների ընտանիքներում։ Ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Ռուզան Մարտիրոսյանը։
«Ծրագրի շրջանակում անվճար հնարավոր է իրականացնել արհեստական սերմնավորման 6 փորձ, արտամարմնային բեղմնավորման 1 փորձ, երկրորդ փորձն էլ հնարավոր է անել պետության կողմից 50 տոկոս մասնակցությամբ։ Սա վերաբերում է 26-40 տարեկան կանանց։ 1 երեխա ունեցող և երկրորդային անպտղություն ունեցող ամուսնական զույգերի համար նախատեսված է պատճառագիտություն, սերմնավորման 6 փորձ և արտամարմնային բեղմնավորման 1 փորձ»,– ասաց Մարտիրոսյանը։
Զոհված զինծառայողների ծնողների դեպքում ծրագրով նախատեսվում է պատճառագիտություն, բուժում, արհեստական սերմնավորման 6 փորձ, արտամարմնային բեղմնավորման 1 փորձ, երկրորդն էլ` պետության կողմից 50 տոկոս մասնակցությամբ։
2023 թվականին պետպատվերով անպտղության հաղթահարման ծրագրի շահառու է եղել 5441 կին։
ՀՀ–ում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունի 6 բժշկական կենտրոն։
Հիշեցնենք` 2023 թվականին անպտղության հաղթահարման ծրագրով ծնվել է 159 երեխա, որից 28-ը զոհված զինծառայողների ընտանիքներում։ Երեխաների մի մասը ծնվել է փոխնակ մոր միջոցով։