Վոլգոգրադում գնացքի վթարից հետո ծանր է երեք անձի առողջական վիճակը

Գնացքի վթարից հետո 30 մարդ հոսպիտալացվել է, նրանց թվում 15 երեխա կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Վոլգոգրադում գնացքի վթարից հետո երեք անձի առողջական վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է Վոլգոգրադի մարզպետ Անդրեյ Բոչարովը։
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ Վոլգոգրադի մարզում Կազան–Ադլեր երթուղու ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից, որի հետևանքով 30 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ 15 երեխա։ Վարորդի և ուղևորներից մեկի վիճակը ծանր է։

«Երեսուն մարդ բուժզննում է անցնում, որոնցից երեքի վիճակը ծանր է»,–Բոչարովի խոսքերը մեջբերում է մարզային վարչությունը Telegram ալիքը։

Նշենք, որ այսօր կեսօրին Վոլգոգրադի շրջանի Գրեմյաչայա-Կոտելնիկովո հատվածում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան, արգելող ազդանշանն անտեսելով, շարժվել է դեպի անցում և բախվել Կազան-Ադլեր թիվ 491 մարդատար գնացքին: ՌԴ ԱԻՆ–ի տվյալներով՝ գնացքի ինը վագոն դուրս է եկել ռելսերից, 7 վագոն շրջվել է։ Ընդհանուր առմամբ, գնացքում եղել է 803 ուղևոր։ Մոտ 140 մարդ ստացել ենթեթև վնասվածքներ։ Գնացքների երթևեկությունը վթարի հատվածում դադարեցվել է։