ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է քննել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա «Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։ Այդ մասին տեղեկանում ենք ՍԴ կայքից։
Այս գործով նիստը տեղի է ունեցել հուլիսի 26–ին, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումը վերաբերում էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության հարցին (անցումային դրույթներ` մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը հարուցված քրեական գործերով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունն իրականացվում է մինչև 2022 թ. հուլիսի 1-ը գործող կարգով, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքի)։
Նշենք, որ օրենսդրական կարգավորման հարցի սահմանադրականության խնդիրը բարձրացրել է նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանության կողմը։ Այս հարցը բարձրացվել է Տոնոյանի գործով՝ թե առաջին ատյանի դատարանում, թե Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Ստեփան Գալստյանը 2023 թվականի դեկտեմբերին ազատ արձակվեց 25 մլն դրամ գրավի դիմաց։