«Ռոսատոմը» սկսել է գնահատել Հայկական ԱԷԿ–ի ռեակտորի մետաղի վիճակը ժամկետի երկարացման համար

2023 թ. դեկտեմբերին Հայկական ԱԷԿ–ն և «Ռոսատոմ Սերվիսն» անհրաժեշտ միջոցառումների իրականացման շրջանակային պայմանագիր են ստորագրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. «Ռոսատոմը» ձեռնամուխ է եղել Հայկական ԱԷԿ-ի միակ՝ թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի մետաղի հատկությունների փոփոխությունների գնահատմանը․ տվյալները կօգտագործվեն էներգաբլոկի շահագործման ժամկետի հնարավոր՝ ևս 10 տարի (մինչև 2036 թ․) ժամկետով երկարաձգման հարցի լուծման ժամանակ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ատոմային պետական կորպորացիան:
«Ռոսատոմ Սերվիսը» դիտարկող նմուշներ է տեղադրել Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի կորպուսում: Աշխատանքը կատարվել է ներկայումս ընթացող պլանային-կանխարգելիչ վերանորոգման շրջանակում»,– ասված է հաղորդագրության մեջ։
Մետաղի բնութագրերի փոփոխություններին հետևելը (ամրություն, փխրունություն և այլն) իրականացվում է ռեակտորի մարմնին նույնական մետաղից պատրաստված հատուկ նմուշների միջոցով: Դրանք տեղադրվում են ռեակտորի պատյանում հատուկ կոնտեյներներում։ Ատոմակայանի շահագործման ընթացքում այդ նմուշները դուրս են հանվում՝ հետագայում լաբորատոր պայմաններում վերլուծության ենթարկելու նպատակով։
«Ռոսատոմը» միջոցներ է ձեռնարկում Հայաստանի միակ ատոմակայանի գործողության ժամկետի 2–րդ երկարաձգման համար։ Մենք մանրակրկիտ աշխատանքներ ենք տանում՝ հետևելու անվտանգության առաջնահերթություններին։ 2025 թվականից սկսած մասնագետները յուրաքանչյուր տարի նմուշներ կվերցնեն Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի կորպուսից և կվերահսկեն մետաղի հատկություններն ու կառուցվածքի փոփոխությունը: Այսպիսով, մենք ապահովում ենք ատոմակայանի կարևորագույն սարքերից մեկի հուսալի վերահսկողությունն ու մանրամասն մոնիտորինգը»,– նշել է «Ռոսատոմ Սերվիսի» գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը։