Մադուրոն հռչակվեց Վենեսուելայի ընտրված նախագահ

Նրա երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2025 թ. հունվարի 10-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը Նիկոլաս Մադուրոյին ընտրված նախագահ է հռչակել մինչև 2031 թվականը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին` այդ մասին հայտնել Է գերատեսչության ղեկավար Էլվիս Ամորոսոն:
«Վենեսուելայի Ազգային խորհուրդը, իր գործառույթներին համապատասխան, հաստատում է, որ քաղաքացի Նիկոլաս Մադուրոն նախագահ է, որն ընտրվել է նախագահական ընտրություններում վեց տարի ժամկետով՝ երկրի Սահմանադրությանը համապատասխան»,– ընթերցել է Ամորոսոն ընտրությունների արդյունքները հաստատող ակտը, որն ապա հանձնել է Մադուրոյին։
Վենեսուելայի նախագահի ընտրությունները տեղի են ունեցել հուլիսի 28-ին: Այդ օրը Արգենտինան, Կոստա Ռիկան, Էկվադորը, Պանաման, Պարագվայը, Պերուն և Ուրուգվայը հանդես են եկել հայտարարությամբ, որում պահանջել են ձայների թափանցիկ հաշվարկ՝ դիտորդների վերահսկողության ներքո: Միևնույն ժամանակ, Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հայտարարել է, որ չի ճանաչում Մադուրոյի հաղթանակը մինչև քվեարկության առաջին արդյունքների հրապարակումը:
Մադուրոն Բոլիվարյան հանրապետությունը ղեկավարում է 2013 թվականից: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2025 թ. հունվարի 10-ին։