ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik․ Հայաստանը ցանկանում է փակել Ադրբեջանի հետ թշնամության էջը։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Կիպրոսի արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Նիկոսիայում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ Երևանը դեռևս Բաքվից պատասխան չի ստացել սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության և սպառազինությունների փոխադարձ վերահսկողության վերաբերյալ ավելի վաղ արված առաջարկներին, և որ դրանք մնում են ուժի մեջ։
Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստանում և Կիպրոսում փոխադարձաբար դեսպանությունների բացմանը, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճին, ԵՄ խորհրդի` Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացմանը և տարածաշրջանային զարգացումներին։
ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը նաև գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում։
Նա ընդգծել է երկու ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված գործընկերությունը, ինչպես նաև տարբեր հարթակներում համատեղ ջանքերով այն առավել ընդլայնելու պատրաստակամությունը։
Հիշեցնենք` Միրզոյանը Կիպրոսում է Կոմբոսի հրավերով։ Նախատեսված է ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովում:
Ծրագրված են նաև հանդիպումներ Կիպրոսի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: