ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik․ Ֆիզիկայի 54-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացնող 5 աշակերտներն արժանացել են 3 բրոնզե մեդալների և 2 գովասանագրի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Իրանի Իսֆահան քաղաքում անցկացված օլիմպիադայում բրոնզե մեդալների են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Արսեն Աղայանը (12-րդ դասարան) և Նարեկ Գալստյանը (11-րդ դասարան), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Գասպարյանը։ Գովասանագրեր են ստացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Նարեկ Մովսիսյանը և ՀԱՊՀ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արմեն Գազազյանը։
Նշենք, որ օլիմպիադան անցկացվել է հուլիսի 21-29-ն Իրանի Իսֆահան քաղաքում՝ փորձնական և տեսական փուլերով։ Օլիմպիադային մասնակցել է 46 երկրի 197 ներկայացուցիչ:
Հավելենք, որ նախորդ օլիմպիադան անցկացվել էր Ճապոնիայում, Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե և 4 բրոնզե մեդալների։