ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Եթե Թուրքիան ուժեղ լինի, ապա կկարողանա մտնել Իսրայել, ինչպես նախկինում Լեռնային Ղարաբաղ և Լիբիա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռիզե քաղաքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տարածաշրջանային ակտիվի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք նրանց հետ (Իսրայելի - խմբ.) կանենք նույնը, ինչպես մտանք Ղարաբաղ և Լիբիա։ Չկա պատճառ, թե ինչու չարժե դա անել: Մենք պարզապես պետք է ուժեղ լինենք նման քայլեր կատարելու համար», - Էրդողանի խոսքը մեջբերում է RT-ն։
Միևնույն ժամանակ, նշելով թուրքական պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումները, Էրդողանը հայտարարել է, որ այդ հաջողությունները չպետք է որևէ մեկին հանգստացնեն, և եթե Թուրքիան բավականաչափ ուժեղ լիներ, ապա «Իսրայելը չէր կարողանա անել այն, ինչ արեց Պաղեստինի հետ»: Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան այսօր հնարավոր ամեն ինչ անում է Իսրայելի դեմ, դադարեցրել է ամբողջ առևտուրը և խզել հարաբերությունները նրա հետ: