Ադրբեջանը ԵԽԽՎ-ին խորհրդարանական ընտրությունները դիտարկելու հրավեր չի ուղարկել․ԱԳՆ

Հունիսի վերջին Իլհամ Ալիևը կարգադրություն էր ստորագրել վեցերորդ գումարման Միլի մեջլիսի լուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Ադրբեջանական կողմը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) հրավեր չի ուղարկել սեպտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նշված չէ այն միջազգային կազմակերպությունների ցանկում, որոնց հրավեր է ուղարկվել Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար: Մենք հրավիրել ենք ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին, ԱՊՀ-ին, ԻՀԿ-ին, ՎՈւԱՄ-ին, Չմիավորման շարժման երիտասարդական կազմակերպությանը, Շանհայի համագործակցության կազմակերպությանը, ԹՊԿ-ին (Թյուրքական պետությունների կազմակերպություն,– խմբ.)»,-ասված է տեղական ԱԳՆ-ի պատասխանում։
Հունիսի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն էր ստորագրել վեցերորդ գումարման Միլի մեջլիսը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները 2024 թվականի սեպտեմբերի 1-ին նշանակելու մասին:
Հիշեցնենք` ԵԽԽՎ-ն հունվարի 24-ին հրաժարվել է վավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, ինչը նշանակում է պատվիրակության առնվազն 1 տարով հեռացում կազմակերպությունից: Այս ընթացքում այն կարող է վերադառնալ միայն այն դեպքում, եթե կատարի իր նորմատիվ պարտավորությունները: Իր որոշման մեջ ԵԽԽՎ-ն հղում է անում Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի վերաբերյալ ավելի վաղ ընդունված բանաձևերին, որոնք անտեսվել են Ադրբեջանի կողմից:
Բաքուն նեղսրտել է Էրդողանի՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին օգնելու հայտարարությունից