ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Իսրայելը Գոլանի բարձունքներին հարվածի կապակցությամբ հայտարարել է, որ Լիբանանի հետ պատերազմը կանխելու վերջին հնարավորությունը լիբանանյան շիական «Հզբոլլահ» շարժման ուժերի դուրսբերումն է: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Օրեն Մարմորշտեյնը:
«Աշխարհի համար միակ միջոցը՝ լայնամասշտաբային պատերազմը կանխելու համար, որը աղետալի կլինի Լիբանանի համար, «Հզբոլլահին» ՄԱԿ-ի ԱԽ 1701 բանաձևը կատարել ստիպելն է։ Հիմա դա դիվանագիտական ճանապարհով անելու վերջին րոպեներն են»,-գրել է Մարմորշտեյնը Х սոցցանցում։
Հուլիսի 27-ին Իսրայելի շտապ օգնության մամուլի ծառայությունը (MDA) հայտնել էր, որ Գոլանի բարձունքներին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 10 մարդ: Ավելի ուշ Times of Israel թերթը, հղում անելով Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարիին, հայտնել էր, որ զոհերի թիվը հասել է 12-ի: Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ հերքում է իր մասնակցությունը Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս բնակավայրի գնդակոծմանը: Չնայած դրան, իսրայելցի պաշտոնյաները սկսեցին հայտարարել «Հզբոլլահի» և Լիբանանի հետ պատերազմ սկսելու հավանականության մասին:
Axios հարթակն իր հերթին գրել էր, որ «Հզբոլլահը» ՄԱԿ-ին հայտնել է, որ օկուպացված Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս քաղաքում տեղի ունեցած միջադեպը կապված է իրենց տարածքում իսրայելական «որսացող» հրթիռի ընկնելու հետ:
Մինչև 1967 թվականը Գոլանի բարձունքները սիրիական Էլ-Կունեյթրա նահանգի մաս էին կազմում, այն բնակեցված էր հիմնականում դրուզներով՝ արաբների առանձին էթնո-կրոնական խմբով։ 1967 թվականի վեցօրյա պատերազմի, ինչպես նաև 1973 թվականի արաբա-իսրայելական չորրորդ պատերազմի ընթացքում Իսրայելը գրավեց այս ռազմավարական տարածքի երկու երրորդը։ 1981 թվականին հրեական պետությունը միակողմանի կարգով ինքնիշխանություն հռչակեց տարածաշրջանի նկատմամբ, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չընդունեց այդ որոշումը: