«Իսրայելի սցենարը» ուշադրություն շեղելու համար է. Իրանի ԱԳՆ-ն` Գոլանի միջադեպի մասին

Նասեր Քանանի
Ավելի վաղ Բեյրութում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին Գոլանի բարձունքների հրթիռակոծումից հետո ասել էր, որ Իրանը չի ակնկալում և չի ցանկանում ռազմական գործողությունների ընդլայնում Լիբանանում և տարածաշրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս գյուղին հարվածելը Թել Ավիվի «կեղծ սցենարն է»՝ հանրության ուշադրությունը Գազայի հատվածում իր հանցագործություններից շեղելու համար։ Իսրայելի ցանկացած անհիմն գործողություն կարող է անկայունություն առաջացնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, որի պատասխանատվությունը կրելու է իսրայելական կողմը, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
Հուլիսի 27-ին Իսրայելը հայտնել էր, որ Գոլանի բարձունքներին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 12 մարդ: Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը հայտնել էր, որ հերքում է իր մասնակցությունը Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս բնակավայրի գնդակոծմանը: Չնայած դրան, իսրայելցի պաշտոնյաները սկսեցին հայտարարել «Հզբոլլահի» և Լիբանանի հետ պատերազմ սկսելու հավանականության մասին:
«Գազայի հատվածում տեղի ունեցած զանգվածային սպանություններից, պաղեստինցի կանանց և երեխաների սպանություններից տասը ամիս անց Իսրայելի ապարտեիդի ռեժիմը կեղծ սցենարի միջոցով ձգտում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Պաղեստինում իր զանգվածային հանցագործություններից։ Իսրայելի ռեժիմը բարոյական ոչ մի իրավունք չունի արտահայտվելու և դատելու Մաջդալ Շամս շրջանում տեղի ունեցած միջադեպը, և այդ ռեժիմի հայտարարությունները, որոնք ուղղված են ուրիշների դեմ, չեն լսվելու»,- Քանանի խոսքերը մեջբերում է Իրանի ԱԳՆ պաշտոնական Telegram ալիքը:
ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իսրայելի ցանկացած անխոհեմ գործողություն կարող է հանգեցնել տարածաշրջանում անկայունության և պատերազմի։ Այդ դեպքում Թել Ավիվը կրելու է իր վարքագծի անկանխատեսելի հետևանքների հիմնական պատասխանատվությունը։ Քանանին կոչ է արել ԱՄՆ-ին ՝ Իսրայելին զանգվածային ոչնչացման զենքով զինելու և նրա վարչապետ Բենիամին Նեթանյահուին աջակցելու փոխարեն կատարել իր միջազգային և բարոյական պատասխանատվությունը համաշխարհային խաղաղության և անվտանգության վերաբերյալ և թույլ չտալ, որ նոր կրակ վառվի, որը կազդի նաև հենց Իսրայելի վրա:
Մինչև 1967 թվականը Գոլանի բարձունքները սիրիական Էլ-Կունեյթրա նահանգի մաս էին կազմում, այն բնակեցված էր հիմնականում դրուզներով՝ արաբների առանձին էթնո-կրոնական խմբով։ 1967 թվականի վեցօրյա պատերազմի, ինչպես նաև 1973 թվականի արաբա-իսրայելական չորրորդ պատերազմի ընթացքում Իսրայելը գրավեց այս ռազմավարական տարածքի երկու երրորդը։ 1981 թվականին հրեական պետությունը միակողմանի կարգով ինքնիշխանություն հռչակեց տարածաշրջանի նկատմամբ, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չընդունեց այդ որոշումը: