Երևանում քրեական հեղինակություններից մեկի սպանության գործով 2 անձ է ձերբակալվել

Sputnik Արմենիայի տեղեկություններով` խոսքը քրեական հեղինակություն «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի սպանության մասին է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Երևանում քրեական հեղինակություններից մեկի սպանության գործով այսօր 2 անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նշենք, որ մեր տեղեկություններով` խոսքը քրեական հեղինակություն «Ֆազի» Սերգեյ Գրիգորյանի սպանության մասին է։ Ձերբակալվածներից մեկը քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամն» է՝ Ռուստամ Ստեփանյանը:
«Հուլիսի 28-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները քննիչի որոշմամբ ձերբակալել են Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի 35-ամյա և Երևանի 40-ամյա բնակիչների՝ սպանություն կազմակերպելու մեղադրանքով»,–նշեց Սարգսյանը:
Դեպքի մանրամասների վերաբերյալ առաջիկայում ոստիկանությունը հանդես կգա հաղորդագրությամբ։
Հիշեցնենք` սպանությունը տեղի է ունեցել Երևանի Աջափնյակ թաղամասում հունիսի 12-ին։
Ըստ նախնական վարկածի` Սերգեյ Գրիգորյանին կյանքից զրկել են վարձու մարդասպաններ, որոնք եղել են երկուսը։ Նրանք եղել են «Opel» մակնիշի գողացված ավտոմեքենայի մեջ։
Սպանության գործով բազմաթիվ վարկածներ են քննվում, այդ թվում՝ «Չաղ Ռուստամի» հետ նրա հարաբերությունները: