ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Երևանում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել, որից հետո ծեծկռտուք է սկսվել, հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ հուլիսի 27–ին, ժամը 22։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են 43-ամյա Հ. Մելիքյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, Երևանի բնակիչ 31-ամյա Է. Մհերյանի վարած «Mercedes ML » մակնիշի, Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գ. Դավթյանի վարած «Toyota» մակնիշի և Երևանի բնակիչ 22-ամյա Ն. Պետրոսյանի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Մհերյանն ու Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Պետրոսյանը հիվանդանոցում մահացել է։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։
Կայքի տեղեկություններով` մինչ քննիչների դեպքի վայր ժամանելը մի խումբ անձինք եկել են դեպքի վայր, հարձակվել են ծառայություն կատարող պարեկների վրա, մի քանիսին պատճառել մարմնական վնասվածքներ։
Այդ անձանց բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։ Նյութեր են նախապատրաստվում։