Այաթոլլահ Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում

Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 30-ին երդվելու է Իրանի Մեջլիսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում, հայտնում է Mehr գործակալությունը։
Արարողության սկզբում Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին պաշտոնական զեկույց է ներկայացրել արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքների մասին և շնորհակալություն հայտնել Իրանի ժողովրդին և գերատեսչությունների ղեկավարներին ընտրությունների հաջող անցկացման համար։ Այնուհետ այաթոլլահ Ալի Խամենեին հրամանագիր է հրապարակել, որով Փեզեշքիանը պաշտոնապես հռչակվել է Իրանի Իսլամական Հանրապետության իններորդ նախագահ:
Այն բանից հետո, երբ մայիսի 19-ին ավիավթարից մահացավ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեցին երկու փուլով։
Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է առողջապահության նախկին նախարար Փեզեշքիանը։ Նա առաջադրվել էր որպես ռեֆորմիստական թևի թեկնածու։ Մասուդ Փեզեշքիանն էթնիկ ադրբեջանցի է, ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին Մահաբադ քաղաքում (Արևմտյան Ադրբեջան նահանգ):