2020-2024թթ. ընթացքում ՀՀ–ում հեպատիտի դեմ բուժում է ստացել շուրջ 3025 պացիենտ

Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. 2020-2024թթ. ընթացքում Հայաստանում հեպատիտի դեմ բուժում է ստացել շուրջ 3025 պացիենտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` անդրադառնալով Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան։
«2020-2023թթ. ընթացքում բուժում է ստացել շուրջ 2569 պացիենտ: 2024թ. բուժվել կամ բուժման փուլում է 456 պացիենտ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանում հեպատիտների կանխարգելման և վերահսկման ծրագրի գործադրումից հետո նվազել են հեպատիտների սուր և քրոնիկ դեպքերը, բարելավվել դեպքերի վաղ հայտնաբերումը:
Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում քաղաքացիները հնարավորություն ունեն հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի անվճար և անանուն հետազոտություններ անցնելու Երևանում և մարզերում:
Շարժական կլինիկաները կլինեն հետևյալ ժամանակացույցով`
️հուլիսի 28- Երևան (Ազատության հրապարակ, ժամը 14:00-20:00),
️հուլիսի 29- Գյումրի (Քըրք Քըրքորյանի արձանի հարակից տարածք, ժամը 11:30-17:30),
️հուլիսի 29- Վանաձոր (Արցախի պուրակի մոտակայք, ժամը՝ 11:30-17:30),
️հուլիսի 30- Արտաշատ (գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք, ժամը՝ 11:30-17:30),
️հուլիսի 30- Աբովյան քաղաք (Հանրապետության փողոց, ժամը՝ 11:30-17:30),
️հուլիսի 30- Գավառ քաղաք (նախկին գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք, ժամը՝ 11:00-17:00):
Հետազոտությունները կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:
Նշենք, որ վիրուսային հեպատիտը լյարդի բորբոքում է, որը հանգեցնում է լյարդի բջիջների ոչնչացմանը: Կան տարբեր տեսակի հեպատիտի վիրուսներ (Ա-ից Ե), սակայն ամենամտահոգիչն են հեպատիտ Բ-ն և Ց-ն. դրանք ամեն օր առաջացնում են վարակման շուրջ 8000 նոր դեպք, որոնք հիմնականում չեն հայտնաբերվում:
Հեպատիտ Բ-ի դեմ պայքարում են կանխարգելիչ պատվաստումով, իսկ հեպատիտ Ց-ի համար առկա է արդյունավետ բուժում:
Հեպատիտ Ց-ի արդյունավետ բուժումն իրականացվում է անճար, հաստատված կարգի համաձայն: Վաղ հայտնաբերման դեպքում բուժումն ապահովում է շուրջ 100% արդյունավետություն: