ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik․ Վոլգոգրադի մարզում վթարի է ենթարկվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ ինքնաթիռը կործանվել է պլանային ուսումնամարզական թռիչք իրականացնելիս։ Անձնակազմը կարողացել է ժամանակին ինքնանետվել։ Օդաչուներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
Օդանավն ընկել է ամայի վայրում, տուժածներ և ավերածություններ չկան։