ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի օլիմպիական խաղերում օղակների վարժության որակավորման փուլում վաստակեց 14.733 միավոր և այս պահին 5–րդ հորիզոնականում է։
Եզրափակիչ անցնելու շանսերը մեծ են։
Արդյունքը պարզ կլինի մարմնամարզիկների վերջին խմբի ելույթներից հետո, որոնք հանդես կգան Երևանի ժամանակով 22:00-ին:
Հիշեցնենք` 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Խաղերի բացումն առաջին անգամ անցկացվում էր ոչ թե մարզադաշտում, այլ Սեն գետում՝ նավակների վրա։ 206 երկրների մարզիկներ նավերի շքերթով իրենց երկրների դրոշները ծածանեցին Փարիզում։ Հայաստանի դրոշակակիրը բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն էր։
Հայաստանը օլիմպիական խաղերում 15 ներկայացուցիչ ունի (7 մարզաձևում)` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանն ու Արթուր Բարսեղյանը, վազորդ Երվանդ Մկրտչյանը:
Վարսենիկ Մանուչարյանն ու Էլմիրա Կարապետյանն այսօր չկարողացան հաղթահարել որակավորման փուլը։