ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Խոշոր հրդեհի պատճառով Կալիֆոռնիայի հյուսիսային Բյութ շրջանից շուրջ չորս հազար մարդ է տարհանվում: Տեղեկությունը հայտնում է «CBC News» հեռուստաալիքը՝ հղում անելով շրջանի ոստիկանապետին:
Հրդեհն արդեն ավելի քան 120 հազար հեկտար տարածք է ընդգրկել։
Աղետի գոտում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել։
Կալիֆոռնիայի անտառային տնտեսության և հրդեհային անվտանգության դեպարտամենտի տվյալներով՝ հրդեհը ոչնչացրել է 134 շինություն, իսկ 4,2 հազար շենք գտնվում է փլուզման վտանգի տակ:
«ABC» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ հրկիզման մեջ կասկածվում է Ռոնի Դին Ստաուտը, որն արդեն ձերբակալվել է։ Ականատեսները պատմել են, որ Ստաուտին հուլիսի 24-ին տեսել են Չիկո քաղաքի մոտակայքում գտնվող Բիդվել զբոսայգում, որտեղ նա մեքենա է հրել ձորը:
Մեքենան գլորվել է ներքև և ամբողջությամբ այրվել, ինչից հետո կրակը սկսել է տարածվել: Ստաուտը հեռացել է զբոսայգուց՝ փորձելով թաքնվել բազմության մեջ։
Ըստ լրատվամիջոցների` տղամարդն արդեն երկու անգամ դատված է եղել։