ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. 12 տարվա ընդմիջումից հետո Իտալիան դեսպան է նշանակել Սիրիայում։ Այս մասին «Reuters»-ին տված հարցազրույցում հայտնել է Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին։ Նոր դեսպանը՝ Ստեֆանո Ռավանյանը, այժմ «Սիրիայի ճգնաժամի հարցերով» Իտալիայի հատուկ բանագնացն է։ Նշենք, որ նա հայկական ծագում չունի։
Նախկինում՝ 2012 թվականին, երբ սկիզբ առավ լայնամասշտաբ հակամարտությունը, Իտալիան Դամասկոսից հետ կանչեց իր դեսպանին, սակայն հիմա G7-ի առաջին երկիրն է, որն այստեղ կրկին դեսպան է նշանակել:
Ավելի վաղ Դամասկոսում վերաբացվել էին ԵՄ 6 երկրների՝ Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Չեխիայի և Հունգարիայի դեսպանությունները:
«Reuters»-ը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ ոչ վաղ անցյալում Իտալիան և ԵՄ ևս 7 երկրներ (Հունաստան, Կիպրոս, Սլովենիա, Խորվաթիա, Չեխիա, Սլովակիա, Ավստրիա) նամակ են հղել Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին՝ խնդրելով ակտիվացնել եվրադիվանագիտության գործողությունները Սիրիայում:
«Սիրիացիները շարունակում են լքել իրենց երկիրը, ինչը լրացուցիչ բեռ է ստեղծում հարևան երկրների վրա, մինչդեռ իրավիճակը տարածաշրջանում առանց այդ էլ լարված է և հղի փախստականների նոր ալիքների վտանգներով», - ասվում է նամակում:
Տայանին հաստատել է նամակի իսկությունը՝ հայտարարելով, որ Բորելը հանձնարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայությանը ուսումնասիրել, թե ինչ գործողություններ կարելի է ձեռնարկել եվրոպական երկրների շահերը պաշտպանելու համար:
Նշենք, որ Հայաստանն այն եզակի երկրներից է, որ, չնայած Սիրիայի հակամարտությանը, մշտապես պահպանել է դիվանագիտական ներկայացուցչությունը, և միակն է, որ պահպանել է Հալեպում.Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը գործում էր նույնիսկ այն ժամանակ, երբ քաղաքի շրջակայքը մասամբ զբաղեցնում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները: