Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում. «Fitch»

Ադրբեջանի և Հայաստանի դրոշներ
Գործակալության գնահատմամբ՝ թեպետ Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունները լարված են, սակայն Հայաստանի հետ տնտեսական կապերն ամուր են մնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում. այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշային գործակալությունը։
Երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքումը գնահատվում է որպես բարդ գործընթաց՝ հաշվի առնելով Ադրբեջանի պահանջները Հայաստանի նկատմամբ (արտատարածքային միջանցքի և Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ)։ Սակայն «Fitch» գործակալությունը հակամարտության սրացում չի ակնկալում՝ նույնիսկ հաշվի առնելով, որ ադրբեջանական զորքերը դեռևս մնում են Հայաստանի տարածքի առանձին հատվածներում, և երկու երկրների ուժերի միջև փոխհրաձգություններ են տեղի ունեցել:
Աշխարհաքաղաքական կանխատեսումներում «Fitch»-ն անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Գործակալության գնահատմամբ՝ չնայած Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական հարաբերությունների վատթարացմանը, տնտեսական կապերը մնում են շատ ամուր, իսկ Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից՝ շատ բարձր:
«Fitch»-ը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի կամ ԵՄ-ի կողմից Հայաստանի նկատմամբ կրկնակի պատժամիջոցներ չի կանխատեսում և ակնկալում է, որ Հայաստանի ֆինանսական հատվածը կհետևի Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցներին:
Հիշեցնենք` հունիսի 4-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
ՀՀ ԱԳՆ–ն հունիսի 7-ին հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմը պատրաստ է կառուցողական և ինտենսիվ աշխատել առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ։