ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսիի՝ Մերիլենդ նահանգում գտնվող տունը 3,24 մլն դոլարով վաճառվել է աճուրդում: Սա ավելի քիչ է, քան այդ տան համար 2017 թվականին վճարված գումարը։ Տեղեկությունը հայտնում է «CBS News»–ը։
Սփեյսին ավելի վաղ հայտնել էր, որ սնանկության եզրին է հայտնվել դատական ծախսերի բազմամիլիոնանոց պարտքերի պատճառով: Բալտիմորում գտնվող նրա տունը բռնագրավվել և հանվել է աճուրդի: Դերասանը վստահ չէր, թե որտեղ է ապրելու հետո։
Հեռուստաալիքի տվյալներով՝ մոտ 84 քառակուսի մետր մակերեսով տունը վաճառվել է 10 րոպեում։ Նոր սեփականատերը 100 հազար դոլար գրավ է մուծել գործարքն ավարտելու համար։ Վաճառքը պետք է հաստատի շրջանային դատարանը։ 5,65 միլիոն դոլար արժողությամբ տունը 2017թ.-ին գնել էր Սփեյսիի հետ կապված ընկերությունը։
2022 թվականի մայիսին բրիտանական իշխանությունները Սփեյսիին մեղադրանք էին առաջադրել չորս տղամարդու նկատմամբ սեռական ոտնձգությունների համար, սակայն 2023 թվականի հուլիսին Լոնդոնում ատենակալների դատարանը արդարացման դատավճիռ էր կայացրել։
Սփեյսին խոստովանել է, որ իր կյանքը փլուզվել է, երբ իր դեմ մեղադրանքներ են առաջադրվել․ նա զրկվել է աշխատանքից և հեղինակությունից։ «Թեև դատարանը նրան մեղավոր չի ճանաչել, բայց Սփեյսին 2017 թվականից փաստացի գտնվում է կինոյի և թատերական ոլորտի սև ցուցակում»,– գրում է «Telegraph»-ը:
Հիշեցնենք, որ Քևին Սփեյսին` որպես «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր, վերջերս այցելել էր Երևան։