1000 խոշոր հարկատուների 1-ին տասնյակը հուշում է, որ տնտեսությունը հիմնականում հենված է առևտրի և ծառայությունների վրա.Սարգսյան

Sputnik
Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
Ըստ այդմ` այս տարվա առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները պետական բյուջե են վճարել 900 միլիարդ 400 միլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 26 միլիարդ դրամով։
Ըստ Պետեկամուտների կոմիտեի` այս տարվա առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել 274 հարկ վճարողներ, որոնք նախկինում ցանկում ընդգրկված չեն եղել։
«Այս երևույթը վկայում է այն մասին, որ խոշոր հարկ վճարողների ցանկը պարբերաբար փոփոխվում է՝ համալրվելով նոր հարկ վճարողներով, ինչն էլ իր հերթին վկայում է տնտեսության դինամիկայի մասին»,-արձանագրում է պետեկամուտների կոմիտեն։
Այս տարվա հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկատուների 1-ին տասնյակը բաղկացած է հետևյալ ընկերություններից` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Մոբայլ սենթր, Գազպրոմ Արմենիա, Գրանդ տոբակո, Փրիթի ուեյ, Ամերիա բանկ, Վիվա Արմենիա, Սի փի էս, Սոֆթ քոնսթրաքթ, Երևան Սիթի։
«1000 խոշոր հարկատուների 1-ին տասնյակը հուշում է, որ տնտեսությունը հիմնականում հենված է առևտրի և ծառայությունների ոլորտների վրա»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Սարգսյանը։