ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Ոստիկանները ձերբակալել են Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած աշխատակցին։ Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում երեխայի նկատմամբ:
Սարգսյանը նշել է, որ ՆԳՆ ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում այս տարվա մայիսին։
Մանկապարտեզի տնօրենը հրավիրվել է ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին, և նրանից ընդունվել է հաղորդում։
«Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է Վեդիի Թումանյան փողոցում, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել ՔԿ Վեդիի քննչական բաժին»,– գրել է ՀՀ ՆԳՆ խոսնակը։
Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հորդորել է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխաներին նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։
ՀՀ ԿԳՄՍՆ–ն ևս հայտարարություն էր տարածել` նշելով, որ դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում և ուսումնասիրման նպատակով համապատասխան մարմիններին է փոխանցել համացանցում շրջանառվող տեսանյութը: