Վլադիկավկազ – Վերին Լարս հատվածը բացվել է թեթև մարդատար մեքենաների և ավտոբուսների համար

Ճանապարհի մաքրման աշխատանքներ են իրականացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Վրաստանի տարածքում սելավի առաջացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով փակված Վլադիկավկազ – Վերին Լարս հատվածը բացվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
«Ճանապարհի մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը դեպի ռուս-վրացական սահման վերականգնվել է »,–ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վլադիկավկազ – Վերին Լարս հատվածը փակվել էր բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: