Սրանով նմանությունն ավարտվում է, և սկսվում են տարբերությունները։ Ռուսաստանը ներկայացնող 15 օլիմպիական մարզիկները հուլիսի 26-ին Փարիզի գլխավոր մարզադաշտ դուրս կգան առանց իրենց երկրի դրոշի, հագնված ոչ թե տանը, այլ օլիմպիական ղեկավարների հրահանգով, իսկ հաղթանակների դեպքում կմնան առանց օրհներգի և պետական դրոշի բարձրացման։
«Խայտառակություն է Միջազգային օլիմպիական կոմիտեի համար»,- իր վերաբերմունքն է արտահայտել Ռուսաստանի մարմնամարզության հավաքականի ավագ մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոն:
Եվ այս հարցում շատերն են համամիտ։
Հիշողությունը թարմացնելու համար: Ռուսաստանցի մարզիկներն օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցել են անցյալ դարի սկզբին։ 1908 թվականին հինգ մարզիկներ մեկնեցին Լոնդոն՝ ուժ, ճարպկություն և կայտառություն մեջ մրցելու, իսկ Նիկոլայ Պանինը դարձավ այդ ժամանակվա առաջին և միակ օլիմպիական չեմպիոնը (համեմատության համար նշենք, որ 2021 թվականին Տոկիո էր մեկնել 323 ռուսաստանցի մարզիկ)։
ԽՍՀՄ-ը (իսկ դրա փլուզումից հետո՝ Ռուսաստանը առանձին) օլիմպիական դրոշի ներքո ընթացող մրցումներում միշտ առաջինների թվում է եղել, և դա հատուկ սրություն, գրավչություն էր հաղորդում, ինչպես նաև հպարտություն սեփական երկրի համար։
Ինչ վերաբերում է Խորհրդային Միության ժամանակներին, ապա օլիմպիական մեդալների գանձարանում քիչ չեն եղել նաև հայ մարզիկների գերազանցության նշանները, որոնց թվում մինչ օրս փայլում են Հրանտ Շահինյանի, Ալբերտ Ազարյանի, Իգոր Նովիկովի, Վլադիմիր Ենգիբարյանի, Ֆաինա Մելնիկի, Յուրի Վարդանյանի և այլոց անունները (հայոց Տրդատ թագավորի մասին չեմ էլ խոսի, որը մեզ հայտնի առաջին հայն է, որ մեր թվարկության առաջին դարում մասնակցել է երկանիվների մրցավազքին, չեմ էլ խոսի):
Թե Փարիզ մեկնած հայ օլիմպիականներից ովքեր կկարողանան իրենց անունը գրել այս փառահեղ ցուցակում, կիմանանք շուտով: Բայց ինչ էլ որ լինի, առաջիկա օլիմպիադան առանց Ռուսաստանի մասնակցության շատ բան կկորցնի հետաքրքրության, մրցակցության, դիտարժանության առումով։ Ինչպես այս խաղերն ավելի անգույն կլինեին առանց ԱՄՆ-ի, Անգլիայի կամ հենց նույն Ֆրանսիայի:
Արևմուտքի ինչի՞ն էր պետք Ռուսաստանին հեռու պահելը։ Դրդապատճառները բացառապես քաղաքական են, ոչ մի կապ չունեն սպորտի հետ, որը օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեռ դե Կուբերտենը հռչակել էր քայլ դեպի խաղաղություն՝ համարելով, որ մարդիկ պետք է իրենց ուժերը չափեն սպորտային մրցումներում, ոչ թե մարտի դաշտում։
Միջազգային օլիմպիական կոմիտեն ամեն ինչի գլխիվայր շուռ տվեց, բայց այդ «գլուխը», ինչպես պարզվեց, այնքան էլ լավ չի աշխատում։
Ուկրաինան ներկայացնող մարմնամարզիկներին, օրինակ, Փարիզի օլիմպիական խաղերում թույլ են տվել չողջունել ռուսաստանցի մարզիկներին. Կիևից ուրախանում է ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Վադիմ Գուտցայտը։
«Քանի որ որոշ մարզաձևերում անհրաժեշտ է մրցակցին ողջունել հանդիպման ժամանակ կամ մրցումից հետո, մենք այդ մարզաձևերի ֆեդերացիաների հետ պայմանավորվել ենք, որ ռուսաստանցիների ձեռքը չենք սեղմում»,-ասել է նա:
Է՛հ, թող չսեղմեն, եթե դա Ուկրաինայի համար այդքան լավ է։
Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան հայտարարել է, որ ռուսաստանցի մարզիկները թքած ունեն՝ ուկրաինացիները կբարևեն, թե ոչ։
Չինական «NetEase» պարբերականը գրում է` Ռուսաստանը չէր կարող անտեսել օլիմպիական խաղերի հետ կապված սադրանքը, իսկ պատասխանը ոչ ստանդարտ ստացվեց:
«Մոսկվան որոշել է սեփական մրցումներն անցկացնել՝ Բարեկամության համաշխարհային խաղեր։ Մրցումները կհավաքեն ավելի քան հինգ հազար մարզիկի՝ յոթանասուն երկրից», - պարզաբանել են չինացի լրագրողները։
Ենթադրվում է, որ Բարեկամության խաղերը կանցկացվեն Մոսկվայում և Եկատերինբուրգում 2024 թվականի սեպտեմբերի 15-29-ը։ Մարզիկները կմրցեն 33 ամառային մարզաձևում, ընդ որում՝ ոչ միայն օլիմպիական:
Ռուսաստանի պատասխանը զարմացրել է ոչ միայն ֆրանսիական իշխանություններին, այլև ՄՕԿ-ին։ Այն մարզիկներին, որոնք կորոշեն մասնակցել Բարեկամության խաղերին, արդեն սպառնացել են, որ հետևանքներ կլինեն: Իսկ ռուսաստանցիներին և բելառուսցիներին, որոնք որոշել են հանդես գալ օլիմպիադայում, ուզում են պարտավորեցնել, որ Բարեկամության խաղերին մասնակցելուց հրաժարվելու մասին փաստաթուղթ ստորագրեն։ Ընտիր ժողովրդավարություն է…
Այստեղ հարկ է հիշեցնել` առաջին անգամ չէ, որ Ռուսաստանի ազգային թիմը ստիպված է առանց դրոշի և օրհներգի հանդես գալ։ Մի նրբություն` դահուկորդուհի Վերոնիկա Ստեպանովան փորձել է Փարիզ մեկնող մարզիկներից ճշտել, թե ում հաշվին են մարզվել վերջին տարիներին, իսկ մարմնամարզության հավաքականի ավագ մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոն կարծում է, որ նշված տասնհինգ մարզիկների անվտանգությունը ոչ ոք չի երաշխավորում: Չի բացառվում նաև դատավորների կողմնակալությունը։
«Այն, որ ՄՕԿ-ը նման այլանդակություն է ստեղծել, պարզապես խայտառակություն չէ։ Նույնիսկ դժվար է հարմար բառ գտնել։ Լիակատար ձախողում է ՄՕԿ-ի նման կազմակերպության համար: Հիմա պետք է սպասել և տեսնել, թե ինչ կլինի այդ 15 մարզիկների հետ, որոնց թույլ են տվել մասնակցել։ Նույնիսկ դժվար է ենթադրել, թե վերջն ինչ կլինի»,- ասել է Ռոդիոնենկոն։
Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան դժգոհել է. «Մարզիկներն իրականում հայտնվելու են իրենք իրենց համար պատասխանատու վիճակում։ Շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է ՄՕԿ-ը լուծելու մեր մարզիկների լոգիստիկայի հարցը, քանի որ Ռուսաստանից ուղիղ Փարիզ ոչ մի կերպ չես թռչի»։
Շախմատային թագի նախկին հավակնորդ Սերգեյ Կարյակինն ընդգծել է. «Օլիմպիադան միանշանակ չեմ դիտելու մեր մարզիկների նկատմամբ նման վերաբերմունքի պատճառով: Իսկ այն, որ մեր երկրից այդքան քիչ մարդ է մասնակցում, ահավոր է ու խայտառակություն։ Ամոթ է ոչ թե մեզ համար, այլ ՄՕԿ-ի»։ Այլ կարծիքներ էլ են հնչում։ Հայտնի մարզական լրագրող Դմիտրի Գուբերնիևը հայտարարել է` օլիմպիական խաղերին ամեն դեպքում պետք է գնալ, իսկ մարզիկներին պետք է աջակցել:
«Մեդալների մասին չենք խոսում։ Եթե դրանք լինեն, շատ լավ։ Մենք պետք է պարզապես աջակցենք թիմի և փորձենք խելամտություն ցուցաբերել։ Ինձ թվում է, որ մարզիկի համար գլխավորը ելույթ ունենալն է։ Ես հավատում եմ խելացի և իմաստուն ռուսաստանցիներին, որոնք հասկանում են, որ գալիք օլիմպիադայի մասնակցությունը փոքրիկ կամուրջ է Ռուսաստանի և օլիմպիական շարժման միջև։ Դա կարևոր է մեր երկրի ապագա սպորտային սերունդների համար»,-կարծում է Գուբերնիևը։
Ու թեև ռուսաստանյան պատվիրակության կազմը վերջնական է, ոչ բոլորն են վստահ, որ այն չի փոփոխվի։ Ինչպես ասում են, կապրենք, կտեսնենք։ Կամ էլ չենք տեսնի։