ՄԻՊ–ը հորդորում է չտարածել Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկելու տեսանյութը

ՀՀ ԿԳՄՍՆ–ն ևս հայտարարություն է տարածել տեսանյութի հետ կապված` դատապարտելով բռնության ցանկացած դրսևորում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Երեխայի լավագույն շահից ելնելով` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված՝ Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկելու տեսանյութը՝ զերծ մնալով երեխաներին նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։ Այդ մասին ասված է ՄԻՊ մամուլի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում երեխայի նկատմամբ:
Նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրություն:
«ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով»,– ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարությունը ևս հայտարարություն է տարածել տեսանյութի հետ կապված` դատապարտելով բռնության ցանկացած դրսևորում։
Նշվում է, որ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան մարմիններին է փոխանցել համացանցում շրջանառվող տեսանյութը՝ փոքրահասակ երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ:
«Նախարարությունը հետամուտ է լինելու, որպեսզի միջադեպը բացահայտվի և օրենքի շրջանակում ստանա իրավական գնահատական»,– ասված է ԿԳՄՍՆ հայտարարության մեջ:
Նախարարությունից վստահեցնում են, որ բռնության ցանկացած դրսևորում անհարիր է կրթական միջավայրին, և նման գործելաոճով առաջնորդվողները տեղ չունեն և չեն կարող ունենալ ուսումնական հաստատություններում, որոնցում պետք է առաջնային լինի երեխայի լավագույն շահի պաշտպանությունը:
Նշենք, որ ՀՀ ՆԳՆ–ն ուսումնասիրում է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում մեկում երեխային ծեծի ենթարկելու տեսանյութը։