Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է որոշում՝ մանկապարտեզի նշված դաստիարակին մինչև 72 ժամով ձերբակալելու վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի քաղաքի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Վեդու քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում երեխայի նկատմամբ:
«Հաղորդման առթիվ ՀՀ ՔԿ Վեդու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) նախաձեռնվել է քրեական վարույթ և սկսվել է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու, մանկապարտեզի աշխատակիցների արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է որոշում՝ մանկապարտեզի նշված դաստիարակին մինչև 72 ժամով ձերբակալելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։
Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հորդորել է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխաներին նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։
ՀՀ ԿԳՄՍՆ–ն ևս հայտարարություն էր տարածել` նշելով, որ դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում և ուսումնասիրման նպատակով համապատասխան մարմիններին է փոխանցել համացանցում շրջանառվող տեսանյութը: