Իսպանիայում բրնձի պարկերից ավելի քան 4 տոննա կոկաին են առգրավել

Իսպանիայի ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Ոստիկանությունը նշում է, որ սա կոկաինի խոշորագույն խմբաքանակն է, որը երբևէ առգրավվել է Բարսելոնի նավահանգստում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Իսպանիայի ոստիկանությունը Բարսելոնա քաղաքի նավահանգստում առգրավել է ավելի քան 4 տոննա կոկաին, որը թաքցված է եղել բրնձի տոպրակների մեջ: Այս մասին հայտնում է Իսպանիայի ՆԳՆ-ն։
Հայտարարության համաձայն՝ երկրի ոստիկանության կենտրոնական օպերատիվ ստորաբաժանումը դեռևս անցյալ տարի հետաքննություն էր սկսել իսպանական ընկերության նկատմամբ, որը զբաղվում էր բրնձի տարաներ տեղափոխելով Պարագվայից Բարսելոնա: Ընկերության՝ նարկոթրաֆիկով զբաղվելու կասկածների հիմքով ոստիկանությունը խուզարկել է Բարսելոնի նավահանգիստ հասած բոլոր 10 բեռնարկղերը:
Իրավապահների տվյալներով՝ սա կոկաինի խոշորագույն խմբաքանակն է, որը երբևէ առգրավվել է Բարսելոնայի նավահանգստում: Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է ընկերության ութ աշխատակցի, Պարագվայի ոստիկանությունը՝ երկու մարդու, որոնց թվում է հարավամերիկյան այդ երկրում հանցավոր խմբի պարագլուխը: