ՀՀ-ից ՌԴ ներկրված միրգ-բանջարեղենի կեսը վերահսկողության չի ներկայացվել. «Ռոսսելխոզնադզոր»

Օգոստոսի վերջին ռուս մասնագետները Հայաստան կժամանեն Ռուսաստանի Դաշնություն ուղարկվող մթերքների արտադրության, վերամշակման, պահեստավորման վայրերի համատեղ ստուգում անցկացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. 2024 թվականին Հայաստանից Ռուսաստան ներկրված բանջարեղենի և մրգերի գրեթե կեսը չի անցել բուսասանիտարական վերահսկողություն, հայտնում է «Ռոսսելխոզնադզորը»։
Այսօր «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Յուլիա Շվաբաուսկենեն առցանց բանակցություններ է վարել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանի հետ՝ քննարկելով ՀՀ–ից ՌԴ ոչ անվտանգ բուսական արտադրանքի արտահանման դեպքերը։
Գերատեսչության տվյալներով ՝ հուլիսի 23-ի դրությամբ Հայաստանից ռուսական շուկա է ներմուծվել 73,9 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, ինչը գրեթե համապատասխանում է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին (74,8 հազար տոննա)։ Հիմնական ծավալը բաժին է ընկնում ծիրանին (28,8 հազար տոննա), խնձորին (12,4 հազար տոննա), լոլիկին (8,7 հազար տոննա), պղպեղին (5,7 հազար տոննա)։
«Բանակցությունների ընթացքում «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնել, որ 2024 թվականին Ռուսաստան ներմուծված կարանտինային հսկողության տակ գտնվող արտադրանքի գրեթե կեսը չի ներկայացվել «Ռոսսելխոզնադզորի» պաշտոնատար անձանց նշանակման վայրում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման համար։ Այդ կապակցությամբ «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստան ՝ խնդրելով դադարեցնել խախտումներ թույլ տված հայկական կարանտինային արտադրանքի մատակարարներին բուսասանիտարական հավաստագրերի տրամադրումը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսական կողմը նշել է, որ երկու երկրների տեղեկատվական համակարգերի ինտեգրումը զգալիորեն կհեշտացնի աշխատանքը և թույլ կտա Ռուսաստանի և Հայաստանի իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչներին առցանց հետևել գործող վկայականներին։
«Ռոսսելխոզնադզորը» նամակ է ուղարկել Հայաստանի տեսչական մարմնին, որում մտահոգություն է հայտնում համակարգված կերպով բացահայտված փաստերի վերաբերյալ և խնդրել մինչև պատճառների հետաքննության ավարտը դադարեցնել խախտումներ թույլ տված 16 մատակարարներից ապրանքների մատակարարումները ռուսական շուկա։
Ռուսական կողմն ընդգծել է հայկական կողմից համապարփակ միջոցներ ձեռնարկելու և սերտիֆիկացված արտադրանքի նկատմամբ ուշադիր վերահսկողություն ապահովելու անհրաժեշտությունը։
ՀՀ–ն գրեթե 2 անգամ ավելացրել է պտուղ-բանջարեղենի մատակարարումը ՌԴ. «Ռոսսելխոզնադզոր»
Հայաստանի ներկայացուցիչները վստահեցրել են, որ ստուգումն արդեն սկսվել է։ Դրա արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի «Ռոսսելխոզնադզորին»:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի Դաշնություն ուղարկվող մթերքների արտադրության, վերամշակման, պահեստավորման վայրերի համատեղ ստուգում անցկացնելու օգոստոսի վերջին։
«Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչը հայ գործընկերներին հրավիրել է այցելել լաբորատորիաներ՝ ծանոթանալու բուսական մթերքներում թունաքիմիկատների մնացորդների պարունակության մոնիտորինգի համակարգին։