Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

ՊՆ–ն հորդորում է հետևել պաշտոնական տեղեկատվությանը, չճշտված, սուտ և կեղծ պարունակող լուրեր չշրջանառել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` հերքելով սոցիալական ցանցում տարածված համապատասխան գրառումը
«Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառումը հայտնվել է մամուլում, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը, չճշտված, սուտ և կեղծ լուրեր չշրջանառել, նմանօրինակ դեպքերում ճշտումներ կատարել պաշտպանական գերատեսչության համապատասխան ստորաբաժանման հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է նաև, որ վերջին օրերին նկատվում է այլ երկրների հատուկ ծառայությունների կողմից օտարալեզու լրատվամիջոցներում Հայաստանի զինված ուժերի գործունեության տարբեր ոլորտներին առնչվող ուղղորդված, ապատեղեկատվություն հանդիսացող հրապարակումների աճի միտում։ ՊՆ–ն այս կապակցությամբ հանրությանը և ԶԼՄ գործընկերներին հորդորում է լինել զգոն ու հետևել պաշտոնական տեղեկատվությանը:
Նշենք, որ ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում գրել էր, որ օրերս Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատել է, որ Երասխի հատվածում կարևոր հենակետերից մեկի վրա արդեն ծածանվում է թշնամու դրոշը։