Տեղեկությունը պահել են բարձի տակ ու մարդկանց վտանգների մասին չեն տեղեկացրել. Բաբկեն Պիպոյան

Sputnik
Վերջին 3 տարում Հայաստանում որևէ մոնիթորինգ չի արվել, թե պեսցիդիտների ինչ չափաքանակ կա մշակաբույսերում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը` անդրադառնալով դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական պտուղ-բանջարեղենի որոշ խմբաքանակների արտահանման սահմանափակումներին։
«Այսինքն, լիազոր մարմինը փաստում է, որ վիճակը ոչ միայն չի լավացել, այլև բարդացել է։ Սակայն ամենազավեշտալին այն է, որ 2021 թվականից հետո ոչ մի մոնիթորինգ չի արվել` միտումները հասկանալու համար. այդ տեղեկությունը պահել են բարձի տակ ու պարզապես մարդկանց վտանգների մասին չեն տեղեկացրել»,– ասել է Պիպոյանը։
Բանախոսը ՍԱՏՄ հայտարարությունն անթույլատրելի է համարել` նկատելով, որ դրանում հայ սպառողին ուղղված որևէ պարզաբանում չկա, իսկ սև ցուցակում հայտնված տնտեսվարներն էլ պետական մարմնից ծանուցում չեն ստացել, թե կոնկրետ ինչ խախտում են թույլ տվել և ինչը պետք է վերացնեն։