ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Վերարտադրողական օժանդակության պետպատվերի ծրագրերը կգործեն նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխա չունեցող ընտանիքների համար։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
Աջակցությունից կարող են օգտվել ԼՂ–ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք ունեն առաջնային` 2 և ավելի տարի անպտղություն։ Ամուսինների` ծրագրին մասնակցելու տարիքային շեմը բարձրացվելու է 36–40 տարեկանը:
Երկրորդային անպտղության համար սահմանվել է 20–36 տարեկան տարիքային շեմը:
Ինչ վերաբերում է միայնակ, երեխա չունեցող կանանց, նրանց համար տարիքային շեմը սահմանվել է 28–42 տարեկանը։
Օգնություն ստանալու համար ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքները պետք է հերթագրվեն։ Եթե անգամ այս տարվա համար պետական աջակցության հատկացումները սպառվեն, ցուցակները ուժի մեջ կմնան հաջորդ տարի և դրանից հետո ևս։