Խճճված պատմություն. Wildberries, Կադիրով, հայեր…

Եթե ողջ աշխարհում առցանց առևտուրը վաղուց արդեն սովորական երևույթ է, ապա մեզ մոտ այն սկսեց սրընթաց զարգանալ և զանգվածային բնույթ ստացավ հիմնականում 2018 թվականից։ Իհարկե, ոչ այն պատճառով, որ իշխանափոխություն կատարվեց։ Պարզապես Հայաստան մտավ Wildberries-ը։
Sputnik
Ընկերության ներկայացուցիչներից մեկը լրագրողներին ասել է, որ այժմ Հայաստանում իրենց ծառայություններից օգտվում է յուրաքանչյուր 6-րդ բնակիչ, և դա հասկանալի է, քանզի այստեղ կարելի է գնել գրեթե ամեն ինչ՝ հագուստ, ուտելիք, կենցաղային տեխնիկա, ալկոհոլ, գրքեր, խնամքի պարագաներ և այլն՝ այն էլ բավական մատչելի գներով։ Գաղտնիք չէ նաև, որ Wildberries-ը շատ ծանր հարված հասցրեց հայաստանյան այն առևտրականններին, որոնք մի կերպ պահպանում էին իրենց գոյությունը՝ ապրանք բերելով կամ ներմուծելով Թուրքիայից, Իրանից, Չինաստանից և այլ երկրներից։ Բայց սա համաշխարհային միտում է, մրցակցությունը անողոք բան է, երբեմն նույնիսկ ողբերգական հետևանքներով։
Այս ինտերնետային խանութը, որը տարեցտարի ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում, ընտանեկան բիզնես է, իսկ ընտանեկան բիզնեսն, ինչպես հայտնի է, հիմնվում է ընտանեկան ամուր հարաբերությունների վրա։ Հենց որ այդ հարաբերությունները խաթարվում են, սկսվում են անլուծելի պրոբլեմները։
Մեծ հնդկական հարսանիք. մի քանի ամիս տևած արարողության համար 600 միլիոն դոլար է ծախսվել
Տատյանա և Վլադիսլավ Բակալչուկները, որոնք հիմա յոթ երեխա ունեն, ամուսնացել են 2000 թվականին, իսկ 4 տարի անց հիմնել են Wildberries-ը, ընդ որում, այժմ Վլադիսլավին է պատկանում ընկերության արժեթղթերի ընդամենը 1 տոկոսը, իսկ Տատյանան Ռուսաստանի ամենահարուստ կինն է, որի կարողությունը կազմում է գրեթե 7,5 միլիարդ դոլար։
Ամուսինն այսպես է բացատրում. «Ինքս եմ մեղավոր… Միշտ իդեալականացրել եմ կնոջս, ողջ կյանքս նրա շուրջն եմ կառուցել, մեր ամբողջ համատեղ ունեցվածքը, բիզնեսը, ողջ ընկերությունը նրա անունով ենք գրանցել… Հենց դա էլ ինձ կործանել է»։ Այսինքն, ամուսնու այս խոսքերից կարելի է ենթադրել, որ ամեն ինչ փոխադարձ համաձայնությամբ է եղել, կինը երբեք ճնշում չի գործադրել, չի ստիպել իր անունով գրանցել ամեն ինչ… Հիմա համոզվեցիք, թե որքան ճիշտ են նրանք, ովքեր զգուշացնում են՝ սերը դաժան բան է…
Բայց Վլադիսլավ Բակալչուկը նաև Լևան և Ռոբերտ Միրզոյան եղբայրներին է մեղադրում՝ պնդելով, թե նրանք մեկուսացրել են Տատյանային և նույնիսկ թույլ չեն տալիս նրան հանդիպել երեխաների հետ։ Ավելին, կնոջը «փրկելու» խնդրանքով Վլադիսլավը դիմել է ոչ ավել, ոչ պակաս՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին, որն էլ իր հերթին հանձնարարել է Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովին կարգավորել հարցը։ Ըստ ռուսաստանյան մամուլի, պատգամավորը հայտարարել է, մեջբերեմ. «Կադիրովի բոլոր կարգադրությունները կկատարվեն շատ արագ և 100 տոկոսով»։ Թե ինչ պիտի անի Դելիմխանովը, ամենևին պարզ չէ, քանզի Տատյանան հրապարակավ հակադարձել է. «Ինձ ոչ ոք երբեք չի մեկուսացրել, ես ուղղակի բաժանվում եմ Վլադիսլավից»։
Համաձայնե′ք, բոլորովին պարզ չի, թե ինչ կապ ունեն այս ընտանեկան պատմության հետ Չեչնիայի ղեկավարը և Միրզոյան եղբայրները։ Որոշ լավատեղյակ աղբյուրներ այսպես են բացատրում՝ Միրզոյանները, որոնց պատկանում է Russ Outdoor ընկերությունը, պարզապես առաջարկել են Տատյանային միավորվել և ստեղծել «թվային առևտրի նորագույն հարթակ», որը ոչ միայն շատ ավելի լավ պայմաններ կապահովի սպառողների համար, այլև թույլ կտա հաջողությամբ մրցակցել Amazon, Alphabet, Alibaba հայտնի առևտրային հարթակների հետ, իսկ մոտ հեռանկարում գրավել նաև, այսպես կոչված, գլոբալ Հարավի հսկայական շուկաները։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ այս ծրագրերը ներկայացվել են Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը, ինչից հետո Վլադիսլավն էլ դիմել է Ռամզան Կադիրովին, որի հետ ծանոթ է առնվազն 10 տարի՝ հույս ունենալով, որ Չեչնիայի ղեկավարի խոսքը, այսպես ասենք, «վերևներում» անցնում է, և ուրեմն նա կկարողանա կանխել հայ եղբայրների հետ համատեղ ընկերություն հիմնելու իր կնոջ մտադրությունը։
Արևելքի Դիանան. Դուբայի էմիրի դստեր աննախադեպ քայլը
Սակայն հասկանալի է, որ նման վեճերը Կրեմլում կամ Չեչնիայի ղեկավարի նստավայրում չեն լուծվում, և վերջնական որոշումը դատարանն է կայացնելու։ Եվ այս դեպքում Վլադիսլավ Բակալչուկը ընդամենը մի շանս ունի։ Ռուսաստանցի փաստաբան Մարիա Բոգդանովան ասում է. «Նման դեպքերում իրեն տուժած համարող կողմը սովորաբար դիմում է , այսպես կոչված, «հակառակորդին ուժասպառ անելու» տարբերակին՝ բազմաթիվ հայցեր է ներկայացնում տարբեր ատյանների դատարաններ, որտեղ քննությունը ամիսներ, նույնիսկ տարիներ է տևում՝ կաթվածահար անելով պատասխանողի բիզնեսը, և ի վերջո հասնում է իր նպատակին՝ ստիպելով անվերջ դատավարություններից հոգնած ու զզված պատասխանողին ասել. «Որքա՞ն ես ուզում, արի տամ, գնա, պրծնենք քեզնից»։ Համաձայնե′ք, աշխատող տարբերակ է։