Խաղաղության պայմանագրի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Անի Բադալյան
Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10–րդ փաթեթը Ադրբեջանից ստացել է հունիսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ Խաղաղության պայմանագրի` Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 26-ին ասել էր, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10 փաթեթ է ստացել Ադրբեջանից։
«ՀՀ պատասխան առաջարկները մշակման փուլում են՝ սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման՝ ՀՀ կողմից արդեն իսկ հնչեցված, ներկայացված սկզբունքային առաջարկին համապատասխան»,– ասաց Բադալյանը։
Հիշեցնենք` հունիսի 4-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
ՀՀ ԱԳՆ–ն հունիսի 7-ին հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմը պատրաստ է կառուցողական և ինտենսիվ աշխատել առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ։