Հայտնաբերվել ու կալանավորվել է սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը

Նրա հանցակից Ա․Հ․-ն հայտնաբերվել և ձերբակալվել էր մայիսի 2-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում հայտնաբերվել և կալանավորվել է Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և գրեթե 3 ամիս հետախուզման մեջ գտնվող անձը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշենք, որ 2024թ․-ի մայիսի 1-ի երեկոյան, անգիտակից վիճակում, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ էր տեղափոխել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանը, ով ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել էր։
Պարզվել էր, որ կյանքի հետ անմահատեղելի մարմնական վնասվածքը նրան հասցրել է Նոր Հաճն քաղաքի բնակիչ, նրա ծանոթ Կ․Մ․-ն։
Քննությամբ տվյալներ են ստացվել առ այն, որ Կ․Մ․-ն 2024թ․ մայիսի 1-ին ընկերոջ՝ Նոր Հաճն քաղաքի բնակիչ Ա․ Հ․-ի հետ գնացել է Երևան քաղաքի Աճառյան փողոցում գործող «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ, որպեսզի հանդիպեն Գևորգ Նազարյանի հետ։
«Վերջինիս և Կ․ Մ․-ի միջև ծավալված խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում Կ․ Մ․-ն, սպանելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող սուր, ծակող-կտրող գործիքով հարվածել է Գ․ Նազարյանի կրծքավանդակի ձախ կեսին»,– ասված է հաղորդագրությունում։
Այնուհետև, Ա․ Հ․-ն, Կ․Մ․-ի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով, իր կողմից շահագործվող ավտոմեքենայով նրան տեղափոխել է այլ վայր։
Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել հսկող դատախազին՝ Կ․ Մ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), իսկ Ա․Հ․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 1-ին մասով (hանցանք կատարած անձին աջակցելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։
Մայիսի 2-ին Ա․Հ․-ն հայտնաբերվել և ձերբակալվել է։
2024թ․ մայիսի 8-ին վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Կ․Մ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։